Խոշոր կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ոստիկանները նոյեմբերի 5-ի դեպքերից հետո Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին,  վերցրել էին հաշվառման անչափահասների բաժնում: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:

Շանթ Հարությունյանի որդուն հաշվառման էին վերցրել որպես վտանգավոր անչափահաս եւ պետք է նրա հետ համապատասխան աշխատանքներ տանեին, մշտապես գտնվեր ոստիկանների ուշադրության կենտրոնում:

Դրանից բացի՝ մոր տեղեկացմամբ՝ նրանք հենց այն ոստիկաններն են, որոնք զբաղվել են Շահեն Հարությունյանի եւ ուսուցչի գործով: Հենց նրանք էին փետրվարի 4-ին այցելել Շահեն Հարությունյանի տուն: Ոստիկաններին ձերբակալելու համար դեր ունեցե՞լ է Շահեն Հարությունյանի դեպքը, թե՞ ոչ, մայրը գնահատական չտվեց:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ նրա ուսուցիչ Շահեն Հ.-ն դիմել են ոստիկանություն: Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 57-ամյա Հրաչյա Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք:

Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: