Հնդկական Ալիպուրդուար քաղաքը ուխտագնացության վայր է դարձել Արեւմտյան Բենգալ նահանգի շատ բնակիչների համար: Բանն այն է, որ քաղաքում 37 սմ-անոց պոչով տղամարդ է ապրում:
Mirror պարբերականի տվյալով, Ալիպուրդուարի բնակիչները մեծագույն հարգանք են տածում 35-ամյա Չանդրե Օրաոնի հանդեպ՝ նրա մարդաբանական յուրահատկության համար: Նրանք վստահ են, որ տղամարդը հնդկական կապկակերպ աստվածության՝ Խանումանի վերածնումն է: Որպես ապացույց հնդիկները մատնանշում են, որ Չանդրեն ծառերն առանց ջանքերի մագլցելու աստվածային հատկություն ունի:
«Աստվածության» շատ երկրպագողներ պատրաստ են հսկայական տարածություններ հաղթահարել՝ նրա տան առջեւի հերթում տեղ զբաղեցնելու եւ 37 սմ-անոց պոչին հպվելով օրհնություն ստանալու համար:
Ըստ բժիշկների՝ մազոտ ելուստը հազվագյուտ ի ծնե արատ է: Նրան առաջարկել էին հեռացնել «պոչը»: Սակայն այդ միտքը սարսափեցրել էր «աստվածությանը», եւ Չանդրեն կտրականապես հրաժարվել էր վիրահատությունից:
«Երբ մայրս փորձեց կտրել այն, ես ուժեղ հիվանդացա ու կարող էի մահանալ: Այդ ժամանակ իմ ընտանիքի անդամները եկան այն եզրակացության, որ պոչս աստվածային ծագում ունի»,-այսպես է պատճառաբանել հնդիկը իր մերժումը:
Նա նշել է, որ չնայած համբավին ու համընդհանուր հարգանքին, միշտ չէ, որ հաճելի է պոչավոր մարդ լինել:
«Երբ ես փոքր էի, իմ համագյուղացի երեխաները ծիծաղում ու ծաղրում էին ինձ: Տարիքի հետ խնդիրները խորացան, քանի որ աղջիկները հրաժարվում էին ծանոթանա ինձ հետ: Նրանք բացահայտորեն հայտարարում էին, որ նման վերաբերմունքի պատճառը մեջքիս աճած պոչն էր: Ճիշտ է, 2007-ին ինձ հաջողվեց ամուսնանալ, սակայն իմ ու Մանոյի միջեւ փոխհարաբերություններ չկան»,-ընդգծում է նա:
Չանդրեի տիկնոջ խոսքով՝ նրանց ընտանեկան կյանքը չի կայացել ամուսնու կենսակերպի ու նրա արտաքինի պատճառով, գրում է FederalPost-ը:
«Նա սիրում է ապրել ինչպես կապիկը ու մշտապես ծառն է բարձրանում: Իմ ծնողները մահացել են, երբ ես դեռ երիտասարդ էի ու եղբայրներս պետք է ինձ ամուսնացնեին, ուստի ես ստիպված էի փոխզիջման գնալ՝ դառնալով Չանդրեի կինը»,-հայտարարել է կինը:






























