ՌԴ ՆԳՆ-ն առաջիկայում հետախույզների զինանոցի ինքնատիպ զենք կգնի՝ կրակող դանակներ: Այս բազմագործառույթ գործիքը կարողանում է նաեւ կրակել մարտական անաղմուկ, հատուկ փամփուշտներով: Դանակները գնում են հատուկ ստորաբաժանումների կարիքների համար, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրը:
Հաղորդվում է, որ առաջին խմբաքանակը բաղկացած կլինի 24 դանակից եւ կարժենա 720 հազ. ռուբլի: Դանակներն անաղմուկ են կրակում՝ 7,62 մմ տրամաչափի հատուկ СП-4 փամփուշտներով:
Դանակը կարող է գործածվել նաեւ որպես աշխատանքային գործիք: Այն կարելի է կիրառել մետաղալարեր, հեռախոսային եւ էլեկտրականության մալուխներ կտրելու համար: Դանակների հետ տրվում է նաեւ կաշվե պատյան՝ դանակը գոտկատեղին կրելու, ինչպես նաեւ ռետինե պատյան՝ ոտքին ամրացնելու համար: Տրվում է նաեւ չորս փամփուշտ եւ գործիքի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, հայտնում է «Ռոսբալտը»:




























