«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Փետրվարի 15-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստանի» 7-րդ համագումարն ու Գագիկ Ծառուկյանի ծրագրային զեկույցը առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող «թեժ գարնան» ակնհայտ նախանշաններից են։

Բնական է, որ նման իրադարձություններից առաջ այդ կուսակցությունն ու նրա առաջնորդը նույնպես փորձում են ակտիվանալ եւ որոշակի հավակնություններ դրսեւորել։ Սակայն երբ դրանց բովանդակությունը բաղդատում ենք «Բարգավաճի» ներկա համեստ հնարավորությունների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ առաջիկայում սպասվող իշխանություն-ընդդիմություն պայքարի ընթացքը հունավորող «ծանր նժարի», իսկ միգուցե «ճոճանակի» դերը ստանձնելու Գագիկ Ծառուկյանի հավակնությունները ավելի քան չափազանցված են։

Արտաքուստ թվում է, թե 2012-ի խորհրդարանական ընտրություններում պատկառելի քվեներ ստացած եւ ԱԺ թվով երկրորդ խմբակցությունը ձեւավորած այդ կուսակցությունը նման «առաքելության» իրականացման համար ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ բազմահազարանոց շարքեր, ահռելի ֆինանսական միջոցներ, վերջապես ժողովրդի որոշակի հատվածի համակրանքը վայելող բարեգործ-առաջնորդ։ Սակայն չպետք է մոռանալ, որ անցած խորհրդարանական ընտրություններին հաջորդել է 2013-ի նախագահականը, որտեղ «Բարգավաճը» հանդես եկավ դիտորդի դերում։

Դրա հետեւանքով այն մոտավորապես կես միլիոն ընտրողները, որոնց քվեներով 2012-ին ձեւավորվել էր «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը, դարձան իշխանության ու ընդդիմության հիմնական թեկնածուների «դյուրին որսը»։
Եվ այդօրինակ պասիվությունը «հիմնավորվեց» մեր հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնացած «իշխանության այլընտրանքը» լինելու անորոշ ու, մեղմ ասած, ոչ գրագետ հավակնությամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում