«Երբ մենք առաջ էինք քաշում այդ 5 կետանոց պլատֆորմը, դրան միանալու խնդիր չէր դրվում: ՀԱԿ-ի կողմից առաջարկված պլատֆորմը նույնպես, կարծում եմ, ոչ թե դրան միանալու, այլ դրույթները քննարկելու եւ դրանց շուրջ համագործակցելու խնդիր էր դնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ու հավելեց. «Այլ հարց է, որ մեր առաջարկի վերջին կետը վերաբերում էր կլոր սեղանի շուրջ նստելուն եւ ներկայացուցիչներ գործուղելուն` նման ձեւաչափով քննարկումներ սկսելու համար»:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» կողմից 5 կետանոց պլատֆորմն ուղղված էր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, եւ նպատակ ուներ ընդդիմադիր դաշտում համագործակցության եզրեր գտնել նրանց հետ:
Ըստ Հ. Խուրշուդյանի, «Ժառանգությունն» ակնկալում էր, որ իրենք, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը կգործուղեն իրենց ներկայացուցիչներին, համագործակցության օրակարգը քննարկելու համար, սակայն ոչ ՀՅԴ-ի, ոչ ՀԱԿ-ի կողմից դեռ որեւէ արձագանք առայժմ չի եղել: «Բանակցելու եւ համագործակցելու համար պետք է բոլոր կողմերից լինի պատրաստակամությունը, որը մենք դեռեւս չենք տեսնում»,- հավելեց նա:




























