Հայ Ազգային Կոնգրեսի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հուլիսի 17-ին գաղտնի ստորագրել է ԼՂ հարցով համաձայնագիրը:
Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Փաստարկ» ակումբում նկատեց, որ առաջին անգամն է, որ Հայաստանում գաղտնի պայմանավորվածությունների ավանդույթ է ձեւավորվում: Դրա նախերգանքը դարձավ ապրիլի 22-ի հայ-թուրքական համաձայնագիրը, որն առ այսօր գաղտնի է պահվում ժողովրդից: «Հիմա էլ լսում ենք, ինչ-որ փաստաթղթերի մասին, որոնք հնարավոր է համաձայնեցված են, եւ անգամ՝ Ղարաբաղի հարցում»,- նշեց Զուրաբյանը:
Խոսելով Մադրիդյան սկզբունքների եւ ՀԱԿ դիրքորոշման մասին՝ ՀԱԿ համակարգողը պարզաբանեց, որ Մադրիդյան սկզբունքները չեն հրապարակվել: «Դրանք ինչպես գաղտնի էին, երբ առաջին անգամ ներկայացվեցին Հայաստանին եւ Ադրբեջանին, այնպես էլ գաղտնի են մնացել: Այն ինչ հրապարակվել է երեք նախագահների հայտարարության մեջ, սկզբունքների կոնցեպտուալ դրույթներ են»,- նշեց Զուրաբյանը եւ հավելեց, թե կոնգրեսն իր գնահատականները կարող է տալ միայն հրապարակվածի վերաբերյալ: «Բայց արտահոսքերի դինամիկան ցույց է տալիս, որ փաստաթուղթը զարգանում է ոչ հայանպաստ ուղղությամբ, եւ դրա միակ պատճառը Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ վարչախմբի թուլությունն է», եզրափակեց Զուրաբյանը:




























