Ադրբեջանի ու Ռուսաստանի էներգետիկ մերձեցումը, մասնավորապես Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը, էապես չի անդրադառնա Nabucco ծրագրի իրականացման վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ուկրաինացի քաղաքական փորձագետ Անդրեյ Երմոլաևը։

Փորձագետն իր տեսակետը բացատրել է այն բանով, որ Nabucco ծրագրի կազմակերպիչ-երկրներն ավելի մեծ չափով հույսեր են կապում Միջին Ասիայի երկրների, քան Ադրբեջան հետ։

Ինչպես արդեն հաղորդվել է, Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի վարչապետները և Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկ ընկերությունների ղեկավարները հուլիսի 13-ին Անկարայում ստորագրել էին NABUCCO գազամուղի շինարարության նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր։

Փաստաթուղթը չեն ստորագրել մատակարար և տարանցիկ երկրները։ Նախնական պայմանավորվածության համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է միայն այն երկրների կողմից, որոնք հետագայում ֆինանսավորելու են նախագիծը։ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը որպես մեկնարկային գումար նախատեսում է 1 մլրդ. եվրո հատկացնել արդեն 2010 թվականին։

Ենթադրվում է, որ 3,3 հազար կմ երկարությամբ Nabucco գազամուղն անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի ու Ավստրիայի տարածքներով։