Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Ժամը 15-ից ՔԿՀ-ի առջեւ էին հավաքվել նրա գործընկերները, հարազատները, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը, եւ այլոք, որոնք մոտ մեկուկես ժամ ՔԿՀ-ի առջեւ բացականչում էին «Ազատություն Արման Բաբաջանյանին»: Բաբաջանյանը դուրս եկավ կաղալով, քանի որ մի ոտքը ցավում էր: Նա միայն շնորհակալություն հայտնեց աջակցության համար եւ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը համառորեն հրաժարվում էր քննել Բաբաջանյանի հարցը, սակայն այսօր նրան ազատ են արձակել: