Հայտնի «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է ամերիկյան շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող կանանց ցուցակը, որը գլխավորում է հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին: Նրա հեղինակային «Օփրա Ուինֆրիի շոուն» հաղորդումը մեկ տարվա ընթացքում վաստակել է 275 միլիոն դոլար:

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մադոննան, որի վաստակը կազմել է 110 միլիոն դոլար` շնորհիվ իր համաշխարհային համերգային շրջագայության: Երորդ տեղում երգչուհի Սելին Դիոնն է, ում «Taking Chances» շրջագայությունը նրան բերել է 100 միլիոն դոլար:

Ամենաբարձր վարձատրվող կանանց ցուցակի 4-րդ տեղում հայտնվել է երգչուհի Բիյոնսե Նոուլզը, ով վերջին տարում նոր ալբոմ է թողարկել եւ նկարահանվել երկու ֆիլմերում: Դա նրան բերել է 87 միլիոն դոլարի եկամուտ: 5-րդ հորիզոնականում վամպիրների մասին իր սագայով հայտնի գրող Ստեփանի Մայերն է: Նրա երկամուտը մեկ տարում կազմել է 50 միլիոն դոլար:

Դերասանուհի Անջելինա Ջոլին, որը նախորդ տարի այդ ցուցակի առաջին հորզոնականում էր, այս անգամ տեղ է զբաղեցրել 10-րդ հորիզոնականում: Նա վերջին տարում վաստակել է ընդամենը 27 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ առաջին 15 հորիզոնականներում հայտնված կանանց ընդհանուր եկամուտը կազմել է տարեկան 920 միլիոն դոլար: