Հաճախ, որպես սակագնի բարձրացման փաստարկ, այն պնդումն է առաջ քաշվում, թե իբր զարգացած երկրներում էլեկտրաէներգիան անհամեմատ ավելի թանկ արժի: Դա, իհարկե, փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ այդ երկրներում վճարվող աշխատավարձը եւս անհամեմատ ավելի բարձր է: Խոսքն անգամ նույն` էլեկտրաէներգիայի հետ կապված հարաբերակցության մասին չէ. հոսանքն այնտեղ աշխատավարձի չնչին մասն է խլում եւ, հետեւաբար, ավելի էժան է:
Նույնիսկ «զարգացած երկիր» չհամարվող Ռուսաստանի հետ համեմատությունները միանշանակ պատասխան չեն տալիս: Օրինակ` մայրաքաղաքում` Մոսկվայում, 1 կՎտ-ժամի դիմաց միասնական սակագինը համարժեք է 52,6 դրամին: Ցերեկայինի դեպքում այն 53 դրամի է հավասար, իսկ գիշերային ժամերի համար նախատեսված սակագինը 13,6 դրամ է կազմում: Այսինքն` ցերեկայինը շատ թանկ է, իսկ գիշերայինը` շատ էժան: Մեր համեմատությամբ:
Բոլորը գիտեն, որ Մոսկվան «թանկ» քաղաք է, իսկ մարզերում պատկերը բոլորովին այլ է: Օրինակ` Չելյաբինսկի մարզում միասնական սակագինը մոտ 28,2 դրամ է կազմում, ցերեկայինը` 33,3 դրամ, եւ գիշերայինը` 16,1 դրամ: Այսինքն` Հայաստանում գործող սակագներից նշանակալիորեն ցածր:
Երբեմն երկրների միջեւ համեմատականներ անցկացնելու համար հաշվարկվում է, թե միջին աշխատավարձով (առանց պարտադիր հարկերի) որքան կՎտ-ժամ էլեկտրաէներգիա կարելի է ձեռք բերել: Հայաստանում այդ ցուցանիշը մոտավորապես 3,1 հազար է կազմում: Անվանակարգի եվրոպական առաջատարը Նորվեգիան է, որտեղ կարելի է 37,5 հազար կՎտ-ժամ էլեկտրաէներգիա «գնել»: Իսկ եվրոպական եւ ԱՊՀ երկրների միջինը գրեթե 9 հազար կՎտ-ժամ է կազմում:
Ինչ վերաբերում է «միջին աշխատավարձին», ապա այդ ցուցանիշը մեզ մոտ կշռված միջին թվաբանականով է հաշվարկվում: Արդյունքում առեւտրային կազմակերպությունների ղեկավարության եւ շարքային անձնակազմի հսկայական տարբերություն ունեցող աշխատավարձերը նույն հարթության վրա են դրվում: Պարզ է, որ միջին վիճակագրական հաշվարկների դեպքում անհամեմատ ցածր ցուցանիշ կստանանք: Հետեւաբար` «թույլատրելի» էլեկտրաէներգիայի քանակը եւս կնվազեր:
Մինչեւ վերջերս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները ՋԷԿ-երի համար կիրառվող բնական գազի թանկացմամբ էին «պայմանավորվում»: Անցյալ տարի մեր երկրում թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մեջ ՋԷԿ-երի բաժինը շուրջ 41 տոկոս է կազմել: Սակայն, տվյալ էներգակրի արտահանման (Իրան) ծավալները հաշվի առնելով, խնդրո առարկա ցուցանիշը խիզախորեն կարելի է 29 տոկոսի հասցնել: Էլեկտրաէներգիայի մնացած մասը ՀԷԿ-երի (34 տոկոս) եւ Հայկական ԱԷԿ-ի (37 տոկոս) հաշվին է ստացվել: Այնպես որ բնական գազի թանկացումը նվազագույն ազդեցություն ունի էլեկտրաէներգիայի համընդհանուր ինքնարժեքի վրա:
Ներկայումս արդեն, որպես հիմնավորում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից` 2014-2018թթ. իրականացվելիք ներդրումների ծավալներն են բերվում (ավելի քան 69,6 մլրդ դրամ, առանց ԱԱՀ): Ի միջի այլոց, հատկանշական է ծրագրի հոդվածներից մեկը, որտեղ «նոր սպառողների բաժանորդագրման եւ հատուկ ծրագրերի իրականացման» համար գրեթե 20,7 մլրդ դրամ է պահանջվում: Այսինքն` ներդումների ողջ ծավալի շուրջ 30 տոկոսը: Մեր երկիրը վաղուց արդեն էլեկտրաֆիկացված է (բացառությամբ Երեւանի մի քանի նորակառույց շենքերի), այնպես որ մնում է գուշակել, թե այդչափ թանկարժեք «հատուկ ծրագրերը» ինչ կարող են նշանակել:


Սմբատ Գրիգորյան





























