Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղի մահվան փաստի առնչությամբ պոլսահայ «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Արիս Նալչըն՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ սպասում են ինքնասպանության հանգամանքների հետ կապված ոստիկանության համապատասխան եզրակացությանը։

Հարցին, թե իր կարծիքով, արդյո՞ք դա իսկապես ինքնասպանություն էր, թե՞ պատվիրված սպանություն, Արիս Նալչըն պատասխանել է. «Լրատվամիջոցներն ու փորձագետները փորձում են ամեն կերպ փաստաբանի մահը կապել ազգային փոքրամասնությունների խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, երկու օր առաջ իր թիկնապահի կողմից սպանվեց կաթոլիկ սրբազաններից մեկը։ Եւ բոլորը հակված են կարծել, որ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ շարժում է սկսվել, եւ արձանագրված  այս երկու մահերը դիտարկում են այդ համատեքստում։ Այնուամենայնիվ, ես չեմ կարող ստույգ ասել, թե ի՞նչ էր փաստաբանի մահը՝ սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն։ Կոնկրետ ես կարծում եմ, որ եթե թուրքերը ցանկանային ազգային փոքրամասնությունների մեջ վախ սերմանել, ապա կսպանեին փաստաբանին, ինչպես որ Դինքին սպանեցին»:

Նալչըն համաձայնել է ՝ NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ գուցե փաստաբանի մահը ինքնասպանության իմիտացիա է եւ իրականում նրան սպանել են, եւ այն ներկայացրել որպես ինքնասպանություն։

Այն հարցին, թե ըստ Նալչըի, փաստաբանը հոգեպես հավասարակշռվա՞ծ մարդ էր, թե՞ ծայրահեղ հակումներ ուներ։ «Ակոս»-ի խմբագիրը պատասխանել է, որ թեեւ բավականաչափ լավ չէր ճանաչում փաստաբանին, սակայն տեղյակ է, որ նա ուներ ծայրահեղ հակումներ։ Եւ որպես օրինակ հիշեցրել է Դինքի դատավարության վերջին նիստը, որի ժամանակ Քարադաղը վիճել էր Դինքին սպանած Օգյուն Սամաստի հետ։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան 40-ամյա Հաքան Քարադաղի դիակն իր սեփական տան մեջ կախված գտել է նրա ընկերուհին եւ դիմել ոստիկանություն:

Այս պահին փաստաբանի դին ենթարկվում է դատափորձաքննության։