«Արդարացի հիշողության» տեսությունն արդեն երկար ժամանակ ընդգրկված է Թուրքիայի  քաղաքական օրակարգում, եւ  արտգործնախարար Ամեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունն իր հերթական տեսակետներից է, որոնք անհաջողության են մատնվում, հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա` «արդարացի հիշողության» տեսությանն աջակցում են ոչ միայն Թուրքիայի պետական գործիչները, այլեւ վերլուծաբանները: «Սա թուրքական հայտնի այն գաղափարի եւս մեկ փոփոխված տարբերակն է, որ 1915թ.  երկու կողմերն էլ կորուստներ են կրել, եւ արդարացի հիշողությունը հենց այն է, որ պետք է հիշել երկու կողմերի զոհերին, այսինքն` ենթադրվում է, որ միայն հայերը չեն  ցեղասպանության ենթարկվել», - նշել է Մելքոնյանը: Ըստ թուրքագետի` բնականաբար,  այս տեսությունը Դավութօղլուն համաշխարհային հանրությանը պետք է ներկայացնի բավականին «լավ փաթեթավորված»: «Տվյալ տեսությունը շարունակում է ոչ կառուցողական դաշտում մնալ, Դավութօղլուն որպես քաղաքական գործիչ եւ տեսաբան լուրջ ճգնաժամ է ապրում, նա շփոթում է տեսությունը եւ գործնական քաղաքականությունը», - ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, Turkish Policy Quarterly հանդեսի գարնանային համարում տպագրված հոդվածում   Դավութօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ցավակցական ուղերձը չպետք է դիտարկվի որպես իրավիճակային քայլ, այլ որպես «կարծիքների եւ հիշողության կերպափոխման նախերգանք»: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարող է նոր ժամանակաշրջան սկսվել, եթե քաղաքական գործիչները եւ մտավորականները հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու եւ «արդարացի հիշողություն» ստեղծելու համար իրենց գործն անեն, - հայտարարել է Դավութօղլուն: Նրա խոսքով՝ 1915թ. իրադարձությունների շուրջ «անարդարացի հիշողություն» է ձեւավորված, եւ որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան, թե ինչի միջով են անցել, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը: