Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախանշված է Ռուսաստանի հայ բժիշկների համագումար, որին հրավիրվելու են նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջատար բժիշկներ, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ճանաչված հայ մասնագետներ:
Համագումարի կազմակերպչական հարցերն այսօր քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ Ռուսաստանի Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գագիկ Ավագյանի ու Ռուսաստանի հայ բժիշկների հայաստանյան կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Մկրտիչ Ավագյանի հանդիպման ժամանակ:
Մասնագետների հավաքի նախաձեռնող խմբի նպատակն է՝ միավորել Ռուսաստանի Դաշնությունում գործող հայ բժիշների տարբեր կազմակերպություններն ու միավորումները, ինչն ավելի արդյունավետ կդարձնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Մոսկովյան համագումարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում գործունեություն ծավալող հայ բժիշկների մասնագիտական միավորումներ, անվանի մասնագետներ։
Գագիկ Ավագյանն իր եւ նախաձեռնող խմբի մեկ այլ անդամի` ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրել է համագումարին մասնակցելու, ինչի Արմեն Մուրադյանը համաձայնությամբ է պատասխանել:





























