Ադրբեջանն ու Թուրքիան գործնականում համաձայնության են եկել գազի տարանցման գնի ու «Շահ դենիզ – 2» նախագծի շուրջ։ Այս մասին օգոստոսի 10-ին Նախիջեւանում լրագրողներին է հայտնել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (ԱՊՆԸ) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպումից հետո։
«Մենք այդ բոլոր հարցերը քննարկել ենք Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը։ Մնացել է որոշել միայն 2-3 տեխնիկական հարց, եւ մենք շուտով ստորագրման կներկայացնենք մասշտաբային մի փաստաթուղթ բոլոր այդ հարցերի շուրջ։ Այդ հարցերն են հենց հիմա քննարկում ԱՊՆԸ-ի ու BOTAS-ի փորձագետները»,- հայտարարել է Աբդուլլաեւը։
Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ Նախիջեւանում է գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ. «Վարչապետը մեզ հանձնարարել է լուծել Նախիջեւանին օգնություն ցուցաբերելու շուրջ բոլոր խնդիրները։ Մենք այսօր պայմանավորվել ենք Իգդիր-Նախիջեւան գազամուղի շինարարության վերաբերյալ, նախատեսվում է նաեւ երկաթգծի մի ճյուղ կառուցել այդ նույն երթուղով։ Մի խոսքով, մենք պատրաստ ենք մեր կողմից ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել այս շրջանին», նշել է Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը:



























