Կուբայի իշխանությունները մտադիր են կարգապահական միջոցներ ձեռնարկել պետական դեղագործական ընկերության դեմ, որը Չե Գեւարայի եւ Ուգո Չավեսի անուններով օծանելիք է թողարկել:

Դրանք ստեղծվել են Հավանայում գտնվող պետական լաբորատորիայում: Պարֆյումերների խոսքով, Կուբայի հեղափոխության հերոս Չե Գեւարայի անունը կրող օծանելիքը փայտի եւ թարմ ցիտրուսի բույր ունի: Իսկ Ուգո բույրը, որն անունը ստացել է Վենեսուելայի հանգուցյալ նախագահի պատվին, ավելի փափուկ է՝ մանգոյի եւ պապայայի մրգային նոտաներով:

Կուբայական հեղափոխության շատ կողմնակիցներ քննադատել են պարֆյումերների այս գաղափարը՝ այն անվանելով անհարգալից:

Ըստ Lenta.ru-ի, ընկերությունում հայտարարել են, որ Չե Գեւարայի եւ Ուգո Չավեսի ընտանիքների կողմից համաձայնություն են ստացել նրանց անուններն օծանելիքի համար օգտագործելու վերաբերյալ: Սակայն կուբայական կառավարությունը հերքում է այդ փաստը: