Ադրբեջանական հաքերները կրկին գրոհել են հայկական գերատեսչությունների պաշտոնական կայքերի վրա։ Այսպես, այցելելով Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության պաշտոնական կայքը, սովորական տեղեկատվության փոխարեն կարելի էր տեսնել Բուդապեշտում հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովի լուսանկարը։ Դրան հետևում էր ադրբեջաներեն լեզվով գրությունը։ Ներկայումս կայքի ադմինիստրատորներին հաջողվել է վերացնել դրանք։

Հարկ է նշել, որ հենց վերջերս հարձակման էին ենթարկվել Հայաստանի կառավարության և հայկական լրատվական գործակալությունների կայքերը։ Դա Հայաստանում տարակուսանքի ալիք էր բարձրացրել, որին հետևեց խոստումների տեղատարափը, թե այսուհետ երկրի համապատասխան կառույցներն առավել ուշադիր կհետևեն երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ մշակելով պաշտպանության առավել հզոր համակարգեր և այլն։ Ըստ երևույթին, չհասցրին։ Չի բացառվում, որ քանի դեռ պաշտոնյաներն ու նրանց ենթակաները հանգստանում են ծանր աշխատանքային օրվանից հետո, Ադրբեջանի ազգային հերոս ճանաչված Ռամիլ Սաֆարովի «սֆաթը» կգեղեցկացնի Հայաստանի գերատեսչությունների պաշտոնական շատ այլ էջեր։