Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են մաքսատուրքի նոր բաժանման մասին, որը Բելառուսը գանձում է ռուսական նավթից ստացված նավթամթերքի արտահանումից: Նոր կարգը գործելու է՝ հաշվի առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու նավթային ոլորտում ռուսական հարկային մանեւրումներից Բելառուսի բյուջեում հաշվարկված կորուստները: Այս մասին տեղեկացնում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Մինսկին տրամադրվելիք փոխհատուցման գումարը հաշվարկելու են երկու երկրների ֆինանսների նախարարները: Ըստ Բելառուսի պաշտոնյայի, ներկայում խոսքը շուրջ 700 մլն դոլարի մասին է: Այդ գումարի մասին լուրը հաստատել է նաեւ ռուսական դաշնային պաշտոնյան. «Բելառուսն անչափ մեծ ախորժակ ունի»: Ռուսաստանցի պաշտոնյան նաեւ հավելել է, որ գումարը կարող է ավելի մեծ լինել: Սակայն պաշտոնապես չի հաջողվել հաստատել այն. Դվորկովիչի եւ վարչապետի ներկայացուցիչները թվեր չեն նշում:
Այսպիսով, Բելառուսի «զեղչերի» պատճառով Ռուսաստանի կորուստները կաճեն մինչեւ 2.2 մլրդ դոլարի: Այս տարվա գարնանն արդեն որոշվել էր Բելառուսին թույլ տալ Ռուսաստանին չփոխանցել 1.5 մլրդ դոլարի չափով մարսավճարները (այդպիսին էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ Բելառուսի պայմանը): Ըստ «Վեդոմոստի»-ի, առանց այդ արտոնությունները Բելառուսը պետք է Ռուսաստանին հաջորդ տարի 3 մլրդ դոլար փոխանցեր:
Գարնանը Ռուսաստանը որոշել էր նավթային ոլորտում հարկային մանեւրում կատարել. օգտակար հանածոների արդյունահանման հարկի կտրուկ ավելացում եւ մաքսատուրքերի կտրուկ նվազում երեք տարվա ընթացքում: Մաքսատուրքի իջեցումը կհանգեցնի Ռուսաստանի նավթի ներքին գների աճին, դա կնվազեցնի նավթավերամշակող գործարանների շահույթը՝ ինչպես ռուսական, այնպես էլ բելառուսական. դրանք նույնպես Ռուսաստանում նավթը գնում են ներքին արժեքով, առանց մաքսատուրքի:
Այժմ առանց մաքսատուրքի ռեժիմի հաշվին Բելառուսը Ռուսաստանից 6 մլրդ դոլարի չափով փոխանցում է ստանում (ռուսական բյուջեի կորուստները): Գայդարի ինստիտուտից Ալեքսանդր Կնոբելի կարծիքով, Բելառուսը հույս ուներ, որ այդ փոխանցումները կհասնեն մինչեւ 7-75 մլրդ դոլարի: Սակայն հարկային մանեւումների պատճառով Բելառուսը կորուստներ է կրելու, եւ դա չեզոքացնում է զեղչի արդյունքը, այդ պատճառով որոշեցին այն ավելի մեծացնել:
Բելառուսը հայտարարել է, որ եթե փոխանցումների չափը չկրճատվի, ապա ինքը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը: «Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի նավթավերամշակող գործարաններին աջակցեն այն շրջանում, քանի դեռ դրանք արդիականացվում են, պահպանեն գոնե դրանց նվազագույն շահութաբերությունը»,- բացատրում է բելառուս պաշտոնյան:
Պաշտոնյան ընդգծել է, որ վերջնական որոշումը կայացվելու է հոկտեմբերի 10-ին, Մինսկում կայանալիք նախագահների հանդիպման ժամանակ:




























