ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Աղետների նվազեցման միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

ՍՏորեւ ներկայացնում են ուղերձը.

«Որպես մարդկային ընտանիք՝ մենք ծերանում ենք։ Աշխարհում շուրջ 700 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 10 տոկոսը, 60 տարեկանից բարձր է, իսկ մինչեւ 2030 թ. պատմության մեջ առաջին անգամ տարեց մարդիկ ավելի շատ կլինեն, քան երեխաները։

Այս տարի Աղետների նվազեցման միջազգային օրը նշելը հնարավորություն կտա ճանաչել տարեց տղամարդկանց եւ կանանց դերը դիմակայունության զարգացման գործում։

Երբ բնական աղետը վրա է հասնում, տարեց մարդկանց շրջանում մահացությունների եւ վնասվածքների մակարդակը անհամեմատ ավելի բարձր է։ Այս ողբերգական միտումը պետք է վերացնել ծրագրերի, ծառայությունների եւ աջակցության միջոցով, որոնք կապահովեն միջոցների ձեռնարկում տարեց մարդկանց խոցելիության նվազեցման ուղղությամբ՝ լավագույնս գործածելով նրանց ներդրումը բոլորիս անվտանգության եւ բարօրության ապահովման գործում։

Աղետների դեպքում գործողությունները պլանավորելիս պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ տարեց մարդկանց շարժունակությունը սահմանափակ է։ Պետք է նրանց օժտել հնարավոր աղետին պատրաստվելու, վտանգը չեզոքացնելու եւ պաշտպանվելու կարողությամբ։ Տարեց մարդկանց կարիքները պետք է հաշվի առնվեն նաեւ վաղ նախազգուշացման համակարգերում, սոցիալական պաշտպանության մեխանիզմներում, տարհանման եւ արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններում, ինչպես նաեւ հանրային իրազեկման արշավներում։

Միեւնույն ժամանակ, կարեւոր է ընդունել, որ տարեց մարդիկ ունեն ուժեղ կողմեր, որոնք կարող են օգտակար լինել հասարակությանը։ Տարիների նրանց փորձը կարող է օգնել աղետներից առաջացած ռիսկի նվազեցման գործում։ Մենք պետք է ներգրավենք նրանց աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաեւ դրա հետ կապված նախագծման եւ որոշումներ կայացնելու գործընթացներում։ Տարեց մարդիկ կարող են նաեւ էապես հարստացնել կլիմայի փոփոխությունների հիմնախնդրի եւ կայուն զարգացման հասնելու վերաբերյալ մեր շատ կարեւոր համաշխարհային քննարկումները։

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային այս օրվա առթիվ եկե՛ք հիշենք, որ աղետների նկատմամբ դիմակայունություն ձեռք բերելը մարդու կյանքում ժամանակային սահմանափակում չունի։ Այն սկսվում է երիտասարդ տարիքում եւ ավելի մեծ կարեւորություն ձեռք բերում մեր տարիքի մեծացմանը զուգընթաց։