Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, Լիբերալ կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի հարցով նոր համազեկուցող Գորան Լինդբլադի նշանակումը կապում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության վատ աշխատանքի հետ։
«Թող մեր պատվիրակությունն այնքան հեղինակություն ունենար ԵԽԽՎ-ում եւ Մոնիտորինգային հանձնաժողովում, որ կարողանար չեզոքացնել Լինդբլադի թեկնածության առաջադրումը եւ նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակեին։ Սակայն նրա նշանակումն արդեն փաստ է, ու փոխանակ վայնասուն բարձրացնելուն ու նրա նշանակման դեմ պայքարելուն, Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպե՞ս են աշխատելու նոր համազեկուցողի հետ։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության խնդիրը միայն իշխանությունների այլանդակությունները սվաղելը կամ կոծկելը չէ, այլ նաեւ այլ խնդիրներով զբաղվելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Հովհաննիսյանը։
Նա, սակայն, չի կիսում այն տեսակետը, որ նոր համազեկուցողի պաշտոնում Լինդբլադի նշանակումը իր մեջ վտանգներ է պարունակում։ «Եթե որեւէ պատվիրակ, գործիչ փորձում է Հայաստանի ժողովրդավարությանը կամ հայ ժողովրդին աջակցել, դա չի նշանակում, որ այդ մարդը հայ ժողովրդի թշնամին է կամ ադրբեջանական լոբբիստ է»,- նկատեց ընդդիմադիր գործիչը:
NEWS.am-ը Հովհաննիսյանին հիշեցրեց, որ Գ. Լինդբլադը ստորագրել է մի շարք փաստաթղթերի տակ, որոնցում կան հակահայկական ձեւակեպումներ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Ստիպված եմ կրկնել՝ մեր պատվիրակությունը գործող կարգի ու կանոնի շրջանակներում ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Լինդբլադը չդառնար համազեկուցող։ Ի՞նչ է, այժմ նրա դեմ խոսելով, իրավիճակը սրելով ի վիճակի՞ ենք փոխել նրան։ Տարօրինակ են նաեւ հաճախ հնչող հայտարարություններն այն մասին, թե պետք է փոխել ԵԽԽՎ նախագահին որովհետեւ նա ազգությամբ թուրք է։ Ի՞նչ է, Եվրախորհրդին պատերա՞զմ ենք հայտարարելու»:
Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ԵԽԽՎ-ում աշխատած ժամանակ առիթ ունեցել է շփվել Գորան Լինդբլադի հետ, ով, իր տպավորութամբ, շատ սկզբունքային գործիչ է։
Հիշեցնենք, որ Գորան Լինդբլադը ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարն է եւ «Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավման վերաբերյալ» բանաձեւի հեղինակն է։ Նշենք, որ մարտյան դեպքերի ժամանակ բանակի ներգրավման վերաբերյալ հարցը եւս ներառված է համազեկուցողների առաքելության շրջանակներում, եւ նրանք այդ ուղղությամբ եւս պետք է մոնիտորինգ իրականացնեն։


























