«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է եղել եւ դեմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին: Մենք չենք կարող ու իրավունք չունենք ընտրել դեպի անցյալ տանող ճանապարհը, մենք պարտավոր ենք առաջ նայել: Այս մասին ասված է «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը:
Անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ իշխանությունները չկարողացան պատասխանել պարզ հարցին՝ ո՞րն է ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության քաղաքական եւ տնտեսական նպատակահարմարությունը՝ ելնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամների հետ ընդհանուր սահման չունենալու աշխարհագրական փաստից եւ ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքից:
Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի Հանրապետության համար բացահայտորեն չի ապահովում նաեւ պետության անվտանգությունը, ՀԱՊԿ անդամների հրապարակային եւ իրական շահերի տարբերությունների մեջ անցած ամառ համոզվելու հնարավորություն ունեցանք բոլորս: Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Ազգային բանակն է:
Գործող իշխանությունների այս քայլի հետեւանքով բացահայտորեն վտանգվում են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ հաղորդակցության հնարավորությունները:
Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլեւ՝ գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլեւ ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: Մենք կոչ չենք անում ԱԺ պատգամավորներին համաձայնագիրը չվավերացնել, որովհետեւ միանգամայն համոզված ենք, որ պետության ու ժողովրդի իրական շահերի դեմ ուղղված ցանկացած համաձայնագիր չի կարող երկար կյանք ունենալ:
«Հանրապետություն» կուսակցությունը վստահ է, որ ժողովրդավարական Հայաստանի իշխանության առաջին քայլերը ուղղվելու են Սահմանադրության գերակայության վերականգնմանը, հետեւաբար բազում համաձայնագրերի ու պայմանագրերի վերանայմանն ու չեղյալ հայտարարելուն, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության ԵՏՄ-ի անդամակցության:
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է եղել եւ դեմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին: Մենք չենք կարող ու իրավունք չունենք ընտրել դեպի անցյալ տանող ճանապարհը, մենք պարտավոր ենք առաջ նայել»:




























