Գուցե խելագարություն կհամարվի այս դժվարին պայմաններում մտածել, օրինակ, ութ կամ տասը երեխայի մասին, բայց վերջերս ինձ հաճելիորեն զարմացրեց մի երիտասարդ կին, որը օրերս Մարտունու ծննդատանը կյանք պարգեւեց իր 10-րդ երեխային: Հերոսուհին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակչուհի Քրիստինե Հակոբյանն է: Բազմազավակ մայրիկն ընդամենը 30 տարեկան է: Ամուսնացել է 1995 թվականին, դպրոցը չավարտած՝ 9-րդ դասարանում: 96-ին էլ ունեցել է առաջնեկին՝ Կարոյին, որից մեկուկես տարի հետո ծնվել է Սեւակը:
Այնուհետեւ մեկուկես, երբեմն էլ երկու տարվա տարբերությամբ հաջորդել են Արմանը, Արտուշը, Գարիկը, Նարեկը, Անին, Սյուզին, Գագիկը եւ նորածինը՝ Արտյոմը: Սկզբում Քրիստինեի մտքով էլ չի անցել, որ կդառնա տասը երեխաների մայր, ինչպես ինքն է ասում՝ «ուղղակի այդպես ստացվեց»: Իսկ թե ինչու է այդքան վաղ հասակում ամուսնացել, Քրիստինեն կես լուրջ-կես կատակ պատասխանեց. "Էդ ժամանակ Վազգեն 1-ինը աղջիկներին 14 տարեկանից ամուսնություն տվեց, որպեսզի բազմանան, ես էլ առիթն օգտագործեցի (ծիծաղում է՝ Գ.Գ.): Մինչ նյութիս այս հատվածին հասնելը, համոզված եմ, որ ընթերցողներին կհետաքրքրի, թե ինչ կարողության տեր է այս երիտասարդ ու համարձակ ընտանիքը: Պարզվում է՝ Քրիստինե եւ Սամվել ծնողները երեխաների այս մեծ խմբին մեծացնում են գործազուրկ. «Դժվար ա, բա ինչ ա, հեշտ չի պահել էդքան երեխու: Չենք աշխատում, հող չունենք, սկի կարգին տուն էլ չունենք: Մի հատ մեկ սենյականոց ունենք, էն էլ անցած տարի „Բարգավաճն“ ա նվիրել, շատ շնորհակալ ենք իրանցից, բայց որ փոքր ա, 12 հոգով չենք կարա տեղավորվենք»: Եւ այս ամբողջ ընտանիքի կարիքները հոգում են ընդամենը 82 հազար դրամ նպաստով: Սակայն գործն ավելի բարդանում է սեպտեմբերին, երբ մեջտեղ են գալիս դպրոցին անհրաժեշտ հագուստն ու գրենական պիտույքները: Տասը երեխայից հինգը հաճախում են դպրոց. «Գնում ենք, պարտքով բերում ենք, հետո մի կերպ դժվարությամբ քիչ-քիչ փակում»,- ասում է Քրիստինեն:
Մի խոսքով, 30-ը նոր բոլորած մայրիկն արդեն հայրենիքին նվիրել է 8 զինվոր եւ երկու դուստր: Իսկ թե ինչպես է կառավարությունը վարձահատույց եղել ապագա զինվորներով լի ընտանիքին, պարզվում է՝ ընդամենը ամսական 82 հազար դրամով. «Ոչ մի օգնություն, ոչ մի աջակցություն ոչ մեկից չենք ստացել, երեխեքի դպրոցի հարցերով էլ ոչ մեկը չի օգնել, մենակ գյուղի ամբուլատորիայից անվճար դեղ են ինձ տվել, էդքան բան»: Լավագույն տասնյակը պահպանվելո՞ւ է, թե՞ քանակը համալրվելու է նորանոր զինվորներով. Քրիստինեն ասաց, որ այսքանով եզրափակում է. «Էլ չեմ բերի, էսքանը հազիվ պահենք, ոչ օգնող ունենք, ոչ բան»: Երիտասարդ բազմազավակ մայրիկը համենայն դեպս մի խնդրանք ունի ղեկավարությանը, ավելի ճիշտ, բարերարներին (վերջիններս ավելի հուսալի են). «Ես մենակ ուզում եմ, որ ինձ հովանավորեն կամ էնքան հնարավորություն տրամադրեն, որ ես կարողանամ էս դժվար օրերին երեխեքին պահեմ, թե չէ ինձ մեծ բաներ պետք չեն»:
Գայանե Գրիգորյան




























