Այսօրվա հանդիպումը կբնորոշեի որպես օգտակար, անկեղծ եւ կառուցողական։ Այս մասին, հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։

Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին եւ հնարավորություն են ընձեռում՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումը այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաեւ նախկինում։

Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաեւ հնարավորություն եղավ անդարդառնալ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները կարող են նաեւ մոտ լինել:

Հարցին, թե այս հանդիպման արդյունքում կարելի՞ է արձանագրել ինչ-որ մի տեղաշարժ եղել է, թե՞ ոչ, Ադրբեջանը շարունակու՞մ է մնալ իր դիրքորոշմանը, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք երեւի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որոշակի դրական երանգ կար։ Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է:

Կարծում եմ, որ այսօր եւս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, եւ պարզնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր»: