Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը: Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօր՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում:

Սարգսյանը, իր նախորդի, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մարզպետների նման ՀՀԿ անդամ է:

«Պարոն Սարգսյանն այսօր Վայքի քաղաքապետն է: Մենք առաջարկում ենք, որ կառավարությունը որոշում ընդունի մարզպետի պաշտոնում նրա նշանակման մասին: Շնորհավորում են ու ցանկանում հաջող աշխատանք: Կարծում եմ՝ կառավարության հույսերը կարդարանան, եւ այդ մարզում կշարունակվեն տնտեսական ու սոցիալական ծրագրերը»,-հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թողել էր Էդգար Ղազարյանը, նա նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան: