Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կշարունակեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, որ կառույցում էլ ընդգրկված լինեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողներին ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ կառավարության որոշմամբ միավորվել են Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները:

Նա նշել է, որ ԱԻՆ-ի կառույցների մեծ մասը՝ Փրկարար ծառայությունը, «Հիդրոմետ»-ը, Սեյսմիկ ծառայությունը եւ այլն, տեղակայված են ողջ Հայաստանով մեկ, ուստի համատեղ աշխատանքը կարելի է կազմակերպել առանց լուրջ բարդությունների:

Հարցին՝ հնարավո՞ր է հենց ինքը գլխավորի միավորված նախարարությունը, Երիցյանը պատասխանել է. «Եկեք նման հարցեր չտանք: Եթե հանձնարարեն, ես էլ կղեկավարեմ, իսկ եթե ոչ՝ ոչ: Եթե նման առաջարկ անեն, ես դրա մասին կմտածեմ»:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել միավորել տարախքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: