«Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը կընդգրկվի նոյեմբերի 10-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Այն միանգամից կմտնի քառօրյայի օրակարգ եւ շուտ կընդունվի, քանզի Կառավարությունն այն համարել է անհետաձգելի:
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու շուրջ զրուցեցին սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:
Նա նշեց, որ «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2008թ, ժամանակի ընթացքում դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ առաջին հոդվածը լրացվել է 2013թ: Վարդան Պողոսյանը նշեց, որ 2005թ կատարված սահմանադրական բարեփոխումներից հետո Կառավարության կազմում փոփոխություններ անելու հարցը մինչ նախագահի հրամանագրի պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Ինչ վերաբերում է փոխվարչապետի պաշտոնին, ապա նա նշեց, որ ըստ Սահմանադրության՝ այն կարող է զբաղեցնել նախարարներից մեկը, բայց պարտադիր պայման չկա փոխվարչապետ ունենալու, կարող է եւ չլինել:
Առհասարակ, սահմանադրագետի խոսքով, Կառավարության կազմում փոփոխություններ անելը նորմալ երեւույթ է, այն կարող է հետապնդել տարբեր նպատակներ: Քանի որ Վարդան Պողոսյանը չի հետեւել, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում, դժվարացավ անդրադառնալ դրանց նպատակներին: Նա նշեց, որ ԱԺ-ում օրինագիծը ներկայացնելիս պետք է լինեն նաեւ հիմնավորումներ, թե ինչ նպատակներ է հետապնդում նման փոփոխությունները եւ եթե ընդդիմադիրներն էլ հարցեր բարձրացնեն, քննարկումներ կընթանան:
Դիտարկմանը, թե նորմալ է, որ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու հարցը ՀՀԿ-ն որոշում է իր ԳՄ նիստում, Վարդան Պողոսյանն ասաց, որ ցանկացած կուսակցություն այդ հարցը քննարկելու իրավունք ունի, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, իրենք էլ որոշել են եւ Կառավարությունն էլ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա այստեղ ոչ քաղաքական կուլտուրայի, ոչ սահմանադրաիրավական խնդիր չի տեսնում:
Վարդան Պողոսյանն ասաց նաեւ, որ Աժ-ն այս հարցը արագ կքննարկի, հնարավոր է մեկ օրում երեք ընթերցում էլ անցնի եւ արդեն շուտով կունենանք Կառավարության նոր կառուցվածքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորումից առաջացած նոր նախարարությունը կղեկավարի այժմ ԱԻՆ նախարար, նախկին ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը: Միավորումից առաջացած նախարարությունը կոչվելու է հենց այդպես Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարություն: Թե ինչպես կլուծվի փոխվարչապետի պաշտոնի հարցը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Արմեն Գեւորգյանը, դեռ հայտնի չէ: NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի կամ Արմեն Երիցյանը կամ նախկին ֆինանսների նախարար, Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը, ով նշանակվելու է նոր ստեղծվելիք Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ղեկավար:




























