Փաստաբան Վահագն Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին բողոքարկել է իր պաշտպանյալի՝ Անդրանիկ Սողոյանին կալանավորելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան, որպեսզի բեկանեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Վահագն Մարտիրոսյանը դեռ չէր հանդիպել իր պաշտպանյալի հետ, քանի որ սպասում է համապատասխան փաստաթղթի:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:




























