Մետաղի հանքաքարի արդյունահանման ոլորտում 9 ձեռնարկություն կա: Դրանցից մեկը փոքր է՝ 11 հոգանոց աշխատակազմով, հաշվետու ժամանակահատվածում չի գործել: Միջին օղակում նույնպես մեկ ձեռնարկություն կա՝ 87 հոգանոց աշխատակազմով, որն այս օղակ է եկել «խոշորներից»: Ինչպես փոքր, այնպես էլ միջին ձեռնարկությունները մեկ տարվա ընթացքում աշխատակիցների թիվը կրճատել են, համապատասխանաբար, 13 եւ 51 հոգով:

Իսկ ահա խոշոր ձեռնարկությունները (այսինքն՝ ավելի քան 101 հոգանոց աշխատակազմով) մեզ մոտ ներկայում յոթն են, եւ յուրաքանչյուրին միջինում բաժին է ընկնում 990 աշխատակից: Ընդ որում, մեկ տարվա ընթացքում այս ձեռնարկությունների անձնակազմի թիվն ավելացել է 127 աշխատակցով:

Արդյունքում, մետաղի հանքաքարի արդյունահանման ոլորտի աշխատակիցների ընդհանուր թիվն ավելացել է 63 հոգով: Իսկ ահա արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է զգալի 8.8%-ով: Դրա հետեւանքով աշխատանքի արդյունավետությունը նվազել է 3.8%-ով: Այս անկումը, բնականաբար, կապված է ոչ թե աշխատակիցների աշխատանքի ինտենսիվության, այլ արտաքին գործոնների հետ:

Ապրանքների ծավալով խոշորագույնների ցուցակում են պղնձի, ցինկի եւ մոլիբդենի հանքաքարն ու խտանյութը, ինչպես նաեւ մոլիբդենը եւ չզտված պղինձը. ընդհանուր առմամբ՝ հինգ ապրանքային խումբ: Հունվար-սեպտեմբերին նշված հինգ ապրանքային խմբերի մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալով կրճատվել է 4.8 տոկոսային կետով:

Հինգ խմբերի ընդհանուր անկումը մեկ տարվա ընթացքում կազմել է 48.2 մլն դոլար կամ 15.5%: Նշենք, որ դա հանգեցրել է Հայաստանում արտահանման աճի տեմպերի 4.5%-ով համեմատական դանդաղեցման: Ընդ որում, պղնձի հանքաքարի եւ խտանյութի, ինչպես նաեւ չզտված պղնձի արտահանումը կշռի առումով ավելացել է, իսկ մաքսային արժեքի առումով՝ նվազել:  

Չնայած այս բացասական փոփոխություններին, նշված հինգ ապրանքային խմբերը, ամեն դեպքում, հաստատուն կերպով պահպանում են առաջատարի դիրքերը: Հաշվետու ժամանակահատվածում դրանք ապահովել են արտահանման ծավալի ավելի քան մեկ հինգերորդ մասը (ավելի կոնկրետ՝ 23.9%-ը): Ի դեպ, արտահանման ծավալներով խոշորագույնների թվում նոր ապրանքներ են հայտնվել. «թանկարժեք մետաղների հանքաքար եւ խտանյութ»: Հունվար-սեպտեմբերին արտահանվել է ավելի քան 38.800 տոննա՝ 23.3 մլն դոլար արժողությամբ: Այդ «թանկարժեք» հումքի մաքսային արժեքը կազմել է 6 հազար դոլար՝ մեկ տոննայի դիմաց: