Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարեւորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Ս. Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման եւ մի շարք այլ ոլորտներում: Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: