Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն եւ հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք: Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար եւ 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը եւ նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը:
Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:




























