Իսրայելի իրավապահ մարմինները նոյեմբերի 9-ին բարձր պատրաստության մակարդակի են բերվել՝ կապված արաբական անկարգությունների վտանգի հետ, որն աճել է ոստիկանների հետ բախման ժամանակ Կֆար-Կանայի բնակչի զոհվելու պատճառով:

Արաբական համայնքի ղեկավարները 24-ժամյա գործադուլ են հայտարարել եւ կոչ արել բողոքի ակցիաներ անցկացնել՝ ընդդեմ Կֆար-Կանայից պատանու սպանության: 22-ամյա Հայրեդդին Համդանը հարձակվել էր իր ազգականին ձերբակալած ոստիկանների վրա եւ գնդակահարվել:

Ամբողջ երկրում պատրաստության «գիմել» աստիճան է հայտարարվել: Դա շատ բարձր մակարդակ է՝ բարձրագույնից մեկ աստիճան ցածր, որը հայտարարվում է ռազմական գործողությունների ժամանակ:

Գոյություն ունեցող պատրաստության հինգ մակարդակներից չորրորդի հայտարարումը ենթադրում է անկայուն շրջաններում լրացուցիչ խոշոր ուժերի տեղակայում՝ սահմանապահների եւ հատուկ ջոկատայինների հետ միասին, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ջոկատների ներգրավմամբ: