Ռուսաստանի դատարանը Պետրոպավլովսկ-Կամչատկայի 41-ամյա բնակչին 9 տարվա բանտային կալանքի է դատապարտել՝ խիստ ռեժիմի գաղութում: Տղամարդը մեղավոր է ճանաչվել հոմոֆոբիայի հողի վրա կատարված սպանության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով դատարանի մամլո քարտուղար Աննա Պերմինովային:

Աղյուրը հստակեցնում է, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014թ. հունվարին: Մեղադրյալը եւ տուժածը աշխատում էին Սվետլայա փողոցի Կազանի Աստվածամոր պատկերի ուղղափառ եկեղեցու շինարարությունում:

«Ողբերգության օրը երկուսն էլ հարբած են եղել: Եվ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր շինարարը սկսել է ակտիվ եւ նույնիսկ ագրեսիվ ոտնձգություններ կատարել մեղադրյալի նկատմամբ», - պատմել է Պերմինովան: Զայրացած բանվորը դանակով մի քանի անգամ հարվածել է տղամարդուն, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: 

Դատարանը որոշել է, որ կռվի նախաձեռնողը տուժածն է եղել, իսկ հանցագործության դրդապատճառը՝ նրա անվայել վարքը: