Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է կրճատել վարչությունների եւ գործարանների աշխատակիցներին: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավաբան Ազեր Գուլիեւը:
Ըստ նրա՝ իրենց կազմակերպություն դիմողների թիվն ավելացել է: «Նոր տարվանից սպասվում են զանգվածային կրճատումներ: Աշխատակիցներն արդեն ծանուցվել են կրճատումների մասին: Նախնական կկրճատվի 800 մարդ: Կրճատումները կսկսվեն տարեսկզբից», - հայտարարել է իրավաբանը:
Ա. Գուլիեւը կարծում է, որ այդ քայլը ծախսերը կրճատելու անհրաժեշտությունից է բխում: Սակայն դժգոհություն է պատճառում նաեւ այն, որ կրճատումների դեպքում հաշվի չի առնվում աշխատանքից հեռացվողների մասնագիտական մակարդակը, ասում է Ա. Գուլիեւը:
«Կրճատումների ժամանակ պետք է հաշվի առնել աշխատանքից հեռացվողների մասնագիտական մակարդակը, նրանց մասնագիտացումը: Դրանից բացի, ըստ Աշխատանքային օրենսգրքի, չի կարելի աշխատանքից ազատել հղի կանանց, մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող կանանց, պատերազմի հաշմանդամներին եւ արտոնություններ ունեցող այլ քաղաքացիների: Սակայն պատերազմի հաշմանդամներին հեռացնում են աշխատանքից, պրոֆեսիոնալներին նույնպես, թողնում են անհրաժեշտ մասնագիտացում չունեցողներին: Մեզ նաեւ անհանգստացնում է, որ կրճատումներից հետո ոլորտի աշխատակիցների վիճակագրությունը նույնն է մնալու: Նշանակում է, որ աշխատանքից հեռացվածների փոխարեն նոր անձնակազմ է հավաքվում», - հայտարարել է Գուլիեւը:
«Մենք քննկում ենք նաեւ այն հայտարարությունը, որ ոմանց ստիպում են աշխատանքից ազատվել իրենց կամքով», – ասել է Ա. Գուլիեւը:




























