«Եվրանեսթի» նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ զեկույց է ներկայացրել, որը գրեթե ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ: Այս մասին հոկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրանեսթում» հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանցիները սովորականի նման ցանկացած հնչեղ հարց փորձել են կապել Ղարաբաղի հետ եւ այդ հարցով իրենց դիրքորոշումն արտահայտել, սակայն եվրոպացի խորհրդարանականները նրանց կոչ են արել նիստի օրակարգը չծանրաբեռնել այլ հարցերով:

Զաքարյանը նաեւ հայտնել է, որ «Եվրանեսթում» նոր պատգամավորներ կան, որոնց հետ անհրաժեշտ է աշխատանք տանել, չնայած հայ պատվիրակները  ադեն հասցրել են շփվել միջազգային կառույցի ազդեցիկ անդամների հետ: «Եվրոպացի  պատգամավորները ոչ միշտ է, որ ճիշտ պատկերացում ունեն ղարաբաղյան հարցի մասին եւ շատ հաճախ նրանք խնդրում են էքսկուրսիաներ կազմակերպել դեպի ԼՂՀ: Մենք բոլորին հրավիրեցինք  Հայաստան եւ ԼՂՀ, քանի որ նրանք շատ կարեւոր են համարում այցելությունը»: Այդ առումով, ըստ Զաքարյանի, կարեւոր է ԵՄ-Արցախ խորհրդարանական խմբի ստեղծումը Եվրախորհրդարանում: Նա նաեւ ընդգծել է, որ «Եվրանեսթի» ամբիոնը չպետք է դառնա հիմնախնդիրների քննարկման հարթակ: