Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) անդամ երկրների առաջնորդները Չինաստանում աշխատանքային նիստերից հետո ժամանել են «Ջրային ակումբ» համալիր՝ չինական ազգային վերնաշապիկներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ըստ ԱԽՏՀ-ի ավանդույթի, «տանտերը» հյուրերին առաջարկում է ընդհանուր լուսանկարի համար ազգային տարազի տարր: Այս անգամ տղամարդիկ մետաքսյա վերնաշապիկներ են հագել: Կանանց հագուստը ժակետ է հիշեցրել: Հագուստների գունային երանգները կազմակերպիչներն ընտրել են համեստ գույների մեջ՝ կապույտ, մուգ կարմիր եւ երկնագույն: ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, ինչպես նաեւ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինն այս անգամ մուգ կարմիր վերնաշապիկներով են եղել:
Լուսանկարվելուց անմիջապես հետո օլիմպիական լողավազանի մոտ Չինաստանի առաջնորդը գործընկերներին դահլիճ է հրավիրել՝ սեղանի շուրջ: Պուտինի եւ Օբամայի տեղերն իրարից այնքան էլ հեռու չեն եղել, սակայն՝ ոչ իրար կողքի: Սի Ցզինպինը դիմել է գագաթաժողովի մասնակիցներին եւ կենաց առաջարկել ԱԽՏՀ երկրների բարգավաճման համար:
Ազգային հագուստով լուսանկարվելու արարողությունն ամենամյա է դարձել 1996 թ.-ից ի վեր:



























