Ժամանակակից ընտանի կատուների ուղղակի նախնին անտառային կատուն է, իսկ ավելի ճիշտ՝ տափաստանային կատվի ենթատեսակը, որին էլ շուրջ 10 հազար տարի առաջ Մերձավոր Արեւելքում ընտանի են դարձրել:
«Վեստի»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները միջազգային խումբը գտել է այն հարցի պատասխանը, թե ինչպես է տափաստանային կատվին հաջողվել ձեռք բերել մարդու վստահությունը: Հետազոտողները վերլուծել են ընտանի կատվի գենոմը, որը բացահայտվել է 2007 թվականին, իսկ հետագայում լրացվել պակասող առանձին գեներով:
Գիտնականները հայտնաբերել են, որ 281 գեներ բազմաթիվ եւ արագ փոփոխությունների հետքեր են կրում: Այդ գեների մի մասը կապված են տեսողության եւ լսողության հետ. հիմնական զգացողությունների, որոնց վրա հիմնվում են կատուները: Բայց ամենից հետաքրքիր արդյունքները ստացվել են, երբ հետազոտողները համեմատել են ընտանի 22 կատուների գենետիկ հերթականությունը: Նրանք առնվազն 13 գեն են հայտնաբերել, որոնցում տեղի ունեցած փոփոխությունները վայրի կենդանուն դարձրել են քնքուշ կատվիկ:
Գիտնականները կարծում են, որ մուտացիաները կարեւոր դեր են խաղացել կենդանիների մոտ նոր բնավորության ձեւավորման գործում: Օրինակ՝ դրանք օգնել են հաղթահարել վախը եւ սովորել փոխել վարքը պարգեւ ստանալու դեպքում: Այդ գեները կոդավորում են գլյուտամինային ռեցեպտորները, որոնք առանցքային դեր են խաղում սովորելու եւ հիշելու գործընթացում:




























