Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության ժողովում նրա առաջնորդ Դենիզ Բայքալը անխնա քննադատության է ենթարկել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջպետական համաձայնագրերը: Մասնավորապես, նա հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը վնասակար նախագիծ է, որը ռուսական գազից կախման մեջ է գցում ոչ միայն Եվրոպային, այլ նաեւ Թուրքիային, Ադրբեջանին ու Միջին Ասիայի երկրներին:

«Էրդողանը նաեւ դրան է գնացել ու չի մտածել այդ որոշման հետեւանքների մասին: Երբ մեր եղբայրական երկրները` Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը ցանկանում են ազատվել իրենց էներգակիրների նկատմամբ ռուսական վերահսկողությունից, մենք կրկին նրանց մեր ձեռքերով հրում ենք Ռուսաստանի գիրկը: Չէ որ, այդ երկրները մեծ ոգեւորությամբ ընդունեցին „Նաբուկո“-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որը հնարավորություն կտար ազատվել ռուսական դիկտատից, բայց Թուրքիան նորից նրանց հիասթափեցրեց:

Ռուսաստանը սպառնում է իր հարեւաններին եւ այդ պայմաններում կարելի՞ էր նրա հետ գնալ նման մասշտաբային համաձայնագրերի ստորագրման առանց քննարկումների: Հիմա էլ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն սպառնում է Ուկրաինային, Վրաստանին եւ այլ երկրների: Ինչո՞ւ մենք պետք է նրան օգնենք այդ հարցում»,- ասել է Բայքալը եւ կոչ է արել կառավարությանը՝ վերանայել Ռուսաստանի հետ կնքված «Հարավային հոսք»-ին վերաբերող համաձայնագիրը: