Իսպանիայում կատալոնյան հնամենի ամրոցում գտնվող Parador De Cardona պատմական հյուրանոցի համարներից մեկը փակվել է: Սակայն եթե կենվորները պնդեն, որ ցանկանում են  այդ համարում մնալ, նրանց ընդառաջ կգնան:

Յոթերորդ հարկի 712-րդ համարը, որը գտնվում է ամրոցի արեւմտյան թեւում,  փակել են կենվորների բազմաթիվ բողոքներից հետո, որոնք գանգատվել էին տարօրինակ աղմուկից, բացվող ծորակներից եւ անհանգիստ քնից: Որոշ հյուրեր համարում ուրվականների էին տեսել, հայտնում է Noticia.ru-ն:

IX դարում կառուցված ամրոցը գտնվում է Կարդոներ գետի բարձունքում՝ Բարսելոնայից հարյուր կմ հեռավորության վրա: Այժմ ամրոցում գտնվող հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում այնտեղ տիրող իրական միջնադարյան մթնոլորտի համար: Ամրոցի հետ ողբերգական լեգենդ է կապված երիտասարդ քրիստոնեուհու մասին, որը մահացել է աշտարակներից մեկում, ուր նրան փակել էին մահմեդական երիտասարդի հանդեպ տածած սիրո պատճառով: Ոմանք կարծում են, որ աղջկա ուրվականը մինչ այժմ  շրջում է հյուրանոցում: Սպասուհիները նույնպես վախենում են համար 712 սենյակ մտնելուց: Մի քանի անգամ  ողջ կահույքը առեղծվածային կերպով  հայտնվել էր սենյակի կենտրոնում, իսկ ծորակները բաց էին եղել: Այնտեղ ձայներ եւ աղմուկ են լսել նույնիսկ այն օրերին, երբ   սենյակը դատարկ է եղել:  Parador De Cardona հյուրանոցում մնալու արժեքն սկսվում է օրական 100 եվրոյից՝ երկտեղանոց սենյակի համար: