Թունիսում նավի տեսքով բժշկական կենտրոն կկառուցեն, որտեղի հիվանդնեն իրենց կզգան այնպես, ինչպես նավով ճամփորդելիս: Բժշկական համալիրը ստացել է «Սպիտակ առագաստներ» անվանումը: Չորս ապակեպատ երկնաքերները կկառուցվեն հատուկ հիմքի վրա, որը նավի կորպուս է հիշեցնում: Բժշկական կենտրոնը կկառուցվի արհեստական լճի մոտ:
Նավ-հիվանդանոցը երկրի կառավարության մասշտաբային քաղաքաշինական նախագծի առաջին շինությունը կլինի, Սուս եւ Համամեթ հանգստավայրերի միջեւ:
Յուրաքանչյուր ապակեպատ աշտարակ-առագաստում կտեղակայվեն լաբորատորիաներ, պրոֆիլակտիկ կենտրոններ եւ առողջարարական սպա-համալիրներ: Ինտերիերում գերիշխող կլինի ծովային թեման: Նախատեսվում է, որ բժշկական անձնակազմը ծովային հագուստ կկրի, հաղորդում է «Geo»-ն:
Այս շինությունը «Թունիսի տնտեսական քաղաք» նախագծի մի մասն է: Նոր տնտեսական կենտրոնի օգնությամբ Թունիսի իշխանությունները ցանկանում են վեր հանել տնտեսությունը՝ ՀՆԱ-ն ավելացնել 3 տոկոսով, ամեն տարի ներգրավել 5-7 մլրդ դոլարի ներդրումներ եւ երկու մլն զբոսաշրջիկներ:
Քաղաքը բաժանվելու է 4 մասի՝ զբոսաշրջային, գիտահետազոտական, առեւտրային եւ առողջապահական:




























