ՀՅԴ-ն քանիցս հայտարարել է,ո ր կողմ է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն: Այս մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Միաժամանակ նա նշել է, որ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպիսի դիրքորոշում կունենա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ, որն արդեն վավերացրել է Սահմանադրական դատարանը: «Այնուամենայնիվ, մենք արդեն ասել ենք, որ դրական ենք տրամադրված. Սա կենսական կարեւոր հարց է մեր երկրի համար, ազգային անվտանգության հիմնական եւ անփոխարինելի բաղադրիչ: Եթե որեւէ մեկն ավելի լավ այլընտրանք առաջարկի, ես կգնամ նրա հետեւից: Իսկ եթե ինձ առաջարկում են  բաց թողնել ճյուղը, իսկ փոխարենը ոչինչ ցույց չեն տալիս, ես, ի՞նչ է, պետք է ճակատս գետնի՞ն տամ», - ասել է Ռուստամյանը:

Հիշեցնենք, Հայաստանի ՍԴ-ն նոյեմբերի 14-ին սահմանադրական էր ճանաչել ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը: Սահմանադրական դատարանի նիստի ավարտին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցել էր որոշումը, ըստ որի՝ Պայմանագիրը ճանաչվել էր  ամբողջությամբ սահմանադրական: Փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը: Հայաստանից բացի այն պետք է հաստատեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանները, ինչից հետո՝ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա: