Մինչ կանանց մեծամասնությունը սիրեցյալից բաժանվելուց հետո երեկոներն անցկացնում է պաղպաղակով եւ թաշկինակով, չինուհին հարսանիք է կազմակերպել իրեն լքած տղամարդու հետ:
Իրեն «Դուդու» անվանող կինը Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքի ուսանողուհի է: Նա լրագրողներին պատմել է իրենից 11 տարով մեծ գործարարի հետ ունեցած սիրային կապի մասին, որի հետ ծանոթացել էր ռեստորանում:
Սակայն Դուդուն շուտով պարզել էր, որ իր ասպետն ամուսնացած է: Այդ ժամանակ աղջիկն արդեն սիրահարվել էր տղամարդուն եւ չէր ցանկացել խզել հարաբերությունները: Դրանք շարունակվել էին մի որոշ ժամանակ, մինչեւ որ Դուդուի սիրեցյալի կնոջ մեջ կասկածներ էին ծագել: Այդ ժամանակ տղամարդը որոշել էր, որ հարաբերությունները շարունակելը վտանգավոր է եւ աղջկան հայտնել հեռանալու մասին: Դուդուն հրաժեշտ տալու բացառիկ միջոց էր մտածել՝ խորհրդանշական հարսանիք կազմակերպել՝ այդպիսով թեթեւացնելով բաժանման ցավը, հայտնում է Odditycentral.com-ը:
Ոչ իսկական հարսանիքի օրը զույգը հագնվել է հարս ու փեսայի նման: Ավելին, ամբողջական արարողություն է անցկացվել. Նրանք իրար սեր են խոստովանել, բայց հավելել են, որ պետք է բաժանվեն, հաղորդում է FedPost-ը:
Զույգը համաձայնել է, որ տեղի լրատվամիջոցները լուսանկարեն արարողությունը, բայց պահանջել է, որ իրենց դեմքերը եւ իսկական անունները չհրապարակվեն:
Արարողությանը հյուրեր չեն եղել, բայց զույգը շվեդական սեղան, հարսանեկան տորթ ու շամպայն է պատվիրել: Արարողությունից հետո եղել է առաջին ամուսնական գիշերը, որից հետո զույգը բաժանվել է:




























