Հայաստանում վախենում են սեփական բիզնեսն անել: Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին Կառավարության օրինագիծը:
Նրա խոսքով, բիզնես-գործընկերների հանդեպ անվստահությունը թաքնված է անկատար իրավական համակարգում: «Ես նկատի ունեմ այն, թե ինչպես են որոշումներ ընդունվում դատարաններում եւ կաբինետներում: Այդ պատճառով մեզ մոտ կորպորատիվ իրավունք չի ձեւավորվում»,- հայտարարեց Մելքումյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ չնայած ավելի քան 3 մլն սեփականաշնորհման մասին սերտիֆիկատներին եւ 180 հազար բաժնետերերին, Հայաստանում բաժնետոմսերի սեփականության օրինակելի ինստիտուտ գոյություն չունի:
Մելքումյանի կարծիքով, դա խանգարում է Հայաստան պորտֆելային ներդրումների մուտքին, որոնք այժմ աշխարհում շատ մեծ դեր են կատարում: «Նույնիսկ համաշխարհային անուններով բորսաներն (Nasdaq-ն ու OMX-ը, որոնք ստեղծեցին Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսան - խմբ.) այստեղ ոչինչ չեն փոխում: Չեն ձեւավորվել հարյուր հազարավոր մարդկանց կորպորատիվ շահերը: Գերակշռում են միանձնյա շահերը»,- պարզաբանեց Մելքումյանը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է թույլատրել բաժնետոմսեր թողարկել՝ գործունեության հետեւանքով կորուստները ծածկելու համար, կամ մեծացնել դրանց անվանական արժեքը: Այս սահմանափակումները վերացվում են՝ նպատակ ունենալով խթանել պորտֆելային ներդրումները:




























