Հայաստանի օրենսդրությունը չի խանգարում ընկերություններից դուրս մղել փոքր բաժնետերերին: Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին Կառավարության օրինագիծը:

Նրա կարծիքով, հանելով բաժնետիրական կապիտալում ներդրումների եւ նոր բաժնետոմսերի թողարկման սահմանափակումները՝  ֆինանսների նախարարությունը, փաստորեն, թույլ է տալիս բաժնետոմսերի թաքուն համախմբումը: Այդ դեպքում մեծամասնական բաժնետերը կարող է առանց մյուսների համաձայնության մեծացնել հիմնական կապիտալը, դրա հետ մեկտեղ՝ նաեւ բաժնետոմսերի անվանական արժեքը: «Իսկ գուցե փոքրամասնական բաժնետերը դրա համաձայն չէ: Բայց նրանց ոչ ոք չի հարցնի: Եթե նրանք չցանկանան նոր միջոցներ ներդնել կանոնադրական կապիտալում՝ ընկերությունում իրենց մասնաբաժնին համարժեք, նրանք այդ բաժնեմասից կզրկվեն: Նրանց կասեն. վերցրեք ձեր փողերն ու հեռացեք: Մարդուն առանց դատարանի զրկում են բաժնետոմսերից, ընդ որում՝ պաշտոնապես չշրջանցելով օրենքը: Եվ նման բան Հայաստանում բազմիցս է տեղի ունեցել»,- հայտարարեց Մինասյանը:

Նրա խոսքով, եթե իմաստն այն է, որ կապիտալում ներդրումները չհարկվեն՝ որպես անհատույց ստացված ակտիվներ, ապա հարցը կարելի է այլ կերպ լուծել, օրինակ՝ պարտատոմսերի թողարկմամբ: