Սյունիքի մարզում մի շարք համայնքապետրեի դեմ գործ կհարուցվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել թե գյուղական, թե քաղաքային համայնքների նախկին եւ ներկա ղեկավարներ, որոնց շուտով մեղադրանքներ կառաջադրեն:
NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ համայնքների ղեկավարների դեմ գործեր կան նաեւ այլ մարզերում, օրինակ՝ Կոտայքում: Նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում հիմնականում պաշտոնական լիազորությունները չարաշահելու պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար`պաշտոնատար անձ եւ քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաեւ պարտականությունները, այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել եւ դարձել ընկերության մասնակից: Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորությոններից, եւ, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաեւ ինքը:




























