ՀՀ ԱԺ-ն նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը՝ 67 «կողմ, 7 «դեմ» եւ 25 «ձեռնպահ» ձայներով, հայտնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Օրինագծով նախատեսվում է հանել հղիության նպաստների սահմանափակումները՝ կապված ապագա մայրերի աշխատանքային փորձի հետ:

Բացի այդ, սահմանվում է տրամադրվող միջոցների նվազագույն եւ առավելագույն շեմ:  Նպաստի նվազագույն չափը կհատկացվի չաշխատող կանանց եւ կկազմի 138 հազար դրամ: Այս նպաստները կտրամադրվեն 2016թ. հունվարից: Առավելագույն շեմը 4,6 մլն դրամ է, այսինքն՝ 1 միլիոնից ավելի աշխատավարձով կանանց հղիության արձակուրդը պետությունը մասնակի կվարձատրի, մնացած մասը կտրամադրեն գործատուները՝ կամավոր հիմունքով:

Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: «Կողմ» է քվեարկել 95 պատգամավոր, ձեռնպահ մնացել՝  5-ը, «դեմ»՝ ոչ ոք: Ըստ օրինագծի՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից  նվազագույն աշխատավարձը  կավելանա 10%-ով եւ կկազմի 55 հազար դրամ (շուրջ 135 դոլար): Բացի դրանից,  առաջարկվում է վերանայել ժամավճարը եւ գործարքային վճարումները: