Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Նման տեսակետ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից եւ իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, թույլ չտալով մոտենալ խոցված ուղղղաթիռին եւ պարզել անձնակազմի ճակատագիրը, Ադրբեջանն անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է: «Մեկ անգամ ասել եմ, եւս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Նրա կարծիքով,միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որովհետեւ այդ երկիրը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան:



























