Ռուսաստանի Դաշնությունը վավերացնում է ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում կարող են հաշվառվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Նա նշեց, որ այդ կարգի մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս հուլիսի 10-ին ու ըստ ՌԴ օրենսդրության՝ այն ստորագրումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սկսել է գործել, մտել ուժի մեջ: Այժմ, Գագիկ Եգանյանի փոխանցմամբ, ՌԴ Կառավարույունը պետք է ֆորմալ առումով վավերացնի այդ համաձայնագիրը, սակայն այժմ էլ որեւէ տարբերություն չկա մեր քաղաքացիների համար, որովհետեւ կարգը գործում է:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության Օրենսդրական գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնագրին, որը վերաբերում է մի երկրից մյուսը քաղաքացիների ժամանման կարգին: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում: Հստակեցվում է, որ համաձայնագիրը նախատեսում է ժամանակավորապես՝ մինչեւ 30 օրով Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներին եւ Ռուսաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին ազատել գրանցման պարտավորությունից: Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ սույն համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում: Օրինագիծը կքննարկվի կառավարության նիստում: