Թռուցիկ վերլուծության ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դիմիտրի Մեդվեդեի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցույց է տալիս, որ հայկական լրատվամիջոցները եւ հասարակությունը թերագնահատում է այդ փաստաթուղթը։ Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Նույնիսկ այն, որ դա արդեն բանավոր կերպով ասվել է նախագահների կողմից, արդեն որոշակի նոր հնչեղություն է ձեռք բերում»,-ասաց նա։
Զատուլինը նշեց, որ երեք երկրների նախագահների հայտարարությունը հնչել է այնպիսի պահի, երբ Ադրբեջանն ինքն իրեն համոզել էր, թե հաղթում է քարոզչական հարձակումը եւ կարողացել է ստիպել Թուրքիային վերադառնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հին հռչակագրերին։
Հայտարարությունը մեծամասամբ կրկնում է բոլոր այն առաջարկությունները, որոնք հնչել են պետերբուրգյան հանդիպումների ժամանակ, որն էլ ավարտվեց Իլհամ Ալիեւի կողմից դեմարշով։
Զատուլինը նշեց, որ փաստաթղթում խոսվում է նաեւ այն մասին, թե հակամարտության կարգավորման ժամանակ կարեւոր է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք թողնելը, ինչը նշանակում է, որ ցանկացած լուծման դեպքում կարգավիճակը ամբողջությամբ չի համապատասխանի նրան, ինչ ցանկանում է Ադրբեջանը։
«Փաստաթղթի հենց այդ կետն էլ Սանկտ-Պետերբուրգում զայրացրել էր Ալիեւին, քանի որ եթե կա միջանցք, ապա կա Լեռնային Ղարաբաղի այլ կարգավիճակ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները հուլիսի 26-ի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։



























