Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հրաժարվել է պատժել թուրքական Kanal A հեռուստաընկերությանը, որի եթերում բացահայտ վիրավորել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորրդի նիստում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները դեմ են հանդես եկել Աթաթուրքին վիրավորող արտահայտությունների համար պատժել Kanal A հեռուստաընկերությանը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամների մոտ։
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Ալի Օզթունչը նիստից հետո ենթարկվել է իշխող կուսակցության անդամներից մեկի հարձակմանը։ Ալի Օզթունչը նշել է, թե իշխող կուսակցության անդամը մտել է իր սենյակ եւ բղավել, թե ինչու ինքը Աթաթուրքին պաշտպանելու չափ կրոնը չի պաշտպանում, որից հետո փորձել ծեծել իրեն։
Նշենք, որ Kanal A հեռուստաընկերության «Պաշտոնական պատմությունից իրական պատմություն» հաղորդման ժամանակ հյուրերից Սաիթ Ալփսոյը Աթաթուրքին կաշառակերության մեջ էր մեղադրել, իսկ նրա ժամանակակից «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամներին՝ «աննամուս» լինելու մեջ։




























