ԱՄՆ Նյու Յորք նահանգը պատրաստվում է ձյան նոր ալիքի, որի հետեւանքով արդեն առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը:

Մեծ Լճերի շրջանում կարող է մինչեւ մեկ մեկր բարձրությամբ ձյուն տեղալ, ինչը մեկ տարվա ցուցանիշն է: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել եւ նահանգի բնակչությանն օգնելու համար ներգրավել Ազգային գվարդիային:

Ըստ արեւմտյան լրատվամիջոցների, ԱՄՆ-ում ուժեղ ձյան պատճառով զոհվել է 7 մարդ: Մասնավորապես, 46-ամյա տղամարդուն գտել են ձյան տակ թաղված իր մեքենայում, եւս երկու մարդ զոհվել է ավտովթարից, իսկ երեք մարդ՝ սրտի հետ կապված խնդիրներից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱՄՆ մի շարք հյուսիսային նահանգներում տեղացող առատ ձյան հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Նյու Յորք նահանգի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում ճանապարհներին խցանված մեքենաների վարորդներին փրկելու ուղղությամբ: