ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարն իրեն խորհուրդ է տվել  ուշադրություն դարձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեին:

ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակել է պետքարտուղար Ջոն Քերրիի հետ դիվանագիտական մասնավոր երկխոսության մանրամասները:

«Այդ տեղեկություններից ելնելով, ԱԳՆ ղեկավարը ոչ կոռեկտ է բնորոշել իր եւ Ջոն Քերրիի միջեւ մասնավոր դիվանագիտական երկխոսությունը»,-ասել է Ռաթքեն:

«Մենք բազմիցս ասել ենք, որ կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնցում ունենք համաձայնություն, բայց հանդես կգանք Ռուսաստանի կողմից այլ երկրների ինքնիշխանության եւ միջազգային սկբունքների խախտումների դեմ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սերգեյ Լավրովին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Բարաք Օբամայի  հայտարարություններին, որտեղ նա նշել է, որ Ռուսաստանը համաշխարհային սպառնալիքներից մեկն է: